«ՌեԱնիմանիան» դրամահավաք է սկսում indiegogo համաֆինանսավորման հարթակում
ОБЩЕСТВО«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերավորման արվեստի փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին indiegogo համաֆինանսավորման հարթակում դրամահավաքի արշավ է սկսում:«Կարծում եմ՝ Հայաստանը միջազգային ծրագրերի համար տարածաշրջանային &laqu o;աութսորսինգ» կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի: Հայ երիտասարդները տաղանդավոր են, էներգիայով լի: Անհրաժեշտ է նրանց աշխատելու, ստեղծագործելու, նրանց համար նոր ստուդիաներ հիմնելու համապատասխան միջավայր ստեղծել: Ձեր նվիրատվությունը կօգնի Հայաստանում հյուրընկալել միջազգային մասնագետների, կազմակերպել վարպետության դասեր, սեմինարներ, գտնել ու մոտիվացնել նոր տաղանդներ: Դուք նրանց աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներում սովորելու հնարավորություն կտաք»,-Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:
Հանրային դրամահավաքը կազմակերպվել է փառատոնը անկախ պահելու, հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորություններ ստեղծելու, փառատոնի շրջանակում անցկացվող «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան վերականգնելու համար: Շուկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքը:
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2009-ին: Փառատոնի՝ միջազգային հեղինակավոր անիմացիոն ստուդիաների հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ 15 հայ մասնագետ հնարավորություն է ստացել ուսանել անգլիական Aardman և Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի EMCA անիմացիոն ստուդիաներում:



