Հայաստանը կձեռնարկի Լիտվայի հետ քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված քայլեր
ПОЛИТИКАԼիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավելելով. «Ողջունելով դեսպան Մկրտչյանին` բարեկամության խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն վստահություն հայտնեց, որ կշարունակվեն նախկինում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները։
Դեսպանը նշեց, որ ձեռնարկվելու են անհրաժեշտ քայլեր` ուղղված Լիտվա-Հայաստան քաղաքական երկխոսության առավել խորացմանը, փոխայցելությունների ակտիվացմանը, ապրանքաշրջանառության շարունակական աճի ապահովմանը, մշակութային միջոցառումների կազմակերպմանը։
Դեսպանը ներկայացրեց իր առաքելության հիմնական ուղղությունները՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական և մշակութային դիվանագիտության կարևորությունը:
Դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը»։



