Ազգային ագրարային համալսարանում անգլախոս դասախոսների պակաս կա
ОБЩЕСТВО«ԱՄՆ-ի ուսանողների եւ գիտնականների ներգրավվածությունը Հայաստանի ուսումնական ծրագրերում» նախագիծը ամերիկացի ուսանողներին հնարավորություն է ընձեռում ավելի խորությամբ ծանոթանալ հայաստանյան բուհերի կողմից առաջարկվող մի շարք կրթական ծրագրերին եւ ուսանել Հայաստանում:
Ազգային ագրարային համալսարանի ուսումնամեթոդական գծով պրոռեկտոր Սմբատ Դավեյանի խոսքով` համալսարանը ամերիկյան բուհերի հետ համագործակցության լուրջ փորձ ունի:
«Այս ծրագիրը մեզ համար իրականում շատ կարեւոր է, եւ մենք մեծ պատրաստակամություն ենք ցուցաբերում համագործակցելու ամերիկյան բուհերի հետ: Ագրարային համալսարանը հանրապետությունում միակն է, որը մասնագետներ է պատրաստում գյուղատնտեսության ոլորտում եւ շատ հնարավորություններ ունի, որոնք կարող են հետաքրքրել ամերիկացի ուսանողներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բուհի պրոռեկտորը:
Նա նշեց, որ համալսարանը համագործակցում է ԱՄՆ Տեխասի «Այ ընդ Էմ» համալսարանի հետ, որի աջակցությամբ բուհում սկսել է գործել Ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցը:
«Վերջին տարիներին Ամերիկայից ժամանած շուրջ 300 դասախոսներ մեծ աշխատանք են տարել համալսարանում կրթական բարեփոխումների առումով: Բարձրագույն դպրոցում ուսուցումը կազմակերպվում է ամերիկյան կրթական ծրագրերի համաձայն: Տարածաշրջանում բավականին մեծ հեղինակություն ունեցող դպրոց է, որտեղ սովորում են ուսանողներ Վրաստանից, ԱՊՀ երկրների բուհերից, ընդհուպ Հոլանդիայից: Դպրոցում դասավանդում են թե ամերիկացի, թե հայ մասնագետներ, սակայն պետք է նշել, որ բուհն այժմ անգլախոս դասախոսների պակաս ունի: Շուրջ 640 դասախոսների միայն 10-12 տոկոսն է կարողանում ասերն անգլերեն վարել»,-ասաց Սմբատ Դավեյանը:
ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ժաքլին Դիլին նշեց, որ ԱՄՆ-ում մեծ կարեւորություն է տրվում արտերկրում ուսանելու ծրագրերին:
«ԱՄՆ-ն կարեւորում է այն երկրների ցանկի ընդլայնումը, որտեղ սովորում են ամերիկացի ուսանողները: Այն, ինչ նրանք կարող են սովորել Հայաստանում, միգուցե չկարողանան սովորել այլ տեղերում, այսինքն` կենսափորձի բազմազանեցման խնդիր է դրված: Օրինակ` ուսանողներն, ովքեր հետաքրքրված են ձեռներեցության ոլորտում, հնարավորություն ունեն հետագայում բիզնեսի համար ձեւավորել գործընկերների, կապերի ցանց»,-ասաց Ժաքլին Դիլին:



