Սարգիս Գրիգորյանը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմում
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Սարգիս Գրիգորյանին հեռուստադիտողները շուտով հնարավորություն կունենան տեսնելու ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմերից մեկում, որը նկարհանել է «Շարմ» հոլդինգը: Տվյալ ֆիլմը մեկն է յոթ փոքր ֆիլմերից, որոնք շուտով հանրության դատին կհանձնվեն: Life.panorama.am-ը կապ հաստատեց Սարգիս Գրիգորյանի հետ` պարզելու ֆիլմի մանրամասների և նկարահանման ընթացքի մասին:
«Այս ֆիլմը մեր տղերքի ուժի, սիրո մասին է: Այն ցույց է տալիս, որ պատերազմը կարող է միմյանց կապել նաև սերը, ցույց է տալիս մեր հերոս զինվորների անձնազոհությունը, միմյանց նվիրվածությունը: Կարճ ասած` սա ֆիլմ է, որը պատմում է այն ամենի մասին, ինչին մենք ականատես եղանք ապրիլ ամսին»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանը:
Սարգիսի խոսքով` այս անգամ ինքը հանրության առջև կներկայանա տաքսու վարորդի կերպարով, ով շատ տղամարդկանց նման գնում և կանգնում է մեր զինվորների կողքին:

Անդրադառնալով իր կերպարի առանձնահատկություններին` Սարգիս Գրիգորյանն ասաց.
«Որպես այդպիսին, առանձնահատկություն կերպարս չունի: Նա սովորական մարդ է, ով ընկերների հետ զրույցում տեղեկանալով սահմանի լարվածության մասին` զանգում է կնոջը և հայտնում, որ վաղը պետք է մեկնի Լեռնային Ղարաբաղ»,- մանրամասնեց դերասանը` հավելելով.
«Այսինքն` կերպարս վարվում է այնպես, ինչպես որ իրականում քառօրյա պատերազմի ժամանակ վարվեցին շատ շատերը»:
Այս ֆիլմում Սարգիս Գրիգորյանի խաղընկերներն են Ռուդոլֆ Ղևոնդյանը, Խորեն Լևոնյանը, Արթուր Կարապետյանը, Լիկա Էլբակյանը և այլք:
Հետաքրքրվելով, թե բացի վերընշված ֆիլմից, այլ առաջարկներ արդյոք այս պահին ունի, Սարգիս Գրիգորյանը հստակեցրեց.
«Նկարահանվում եմ «Վենդետտա» հեռուստասերիալում, ինչպես նաև արդեն իսկ ավարտին ենք հասցրել մի քանի գեղարվեստական ֆիլմերի նկարահանումները, որոնց մասին, սակայն, դեռ չեմ կարող որևէ բան ասել»:
Life.panorama.am-ի հետ զրույցում Սարգիսն ավելացրեց նաև, որ թեև այս պահին չափազանց գերհոգնած է, բայց, այնուամենայնիվ, չի ցանկանում հրաժարվել այն առաջարկներից, որոնք որ իրեն գրավում են:
«Քանի երիտասարդ եմ, աշխատում եմ բոլոր կարևոր աշխատանքները, որոնք որ ինձ համար արժեք են ներկայացնում, բաց չթողնել: Իհարկե, լինում են նաև այնպիսիք, որոնք ես մերժում եմ»,- իր խոսքը եզրափակեց դերասան Սարգիս Գրիգորյանը:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան



