Խորվաթիայում պահպանողական ուժերը հաղթանակ են տարել խորհրդարանական ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕ«Խորվաթիայի ժողովրդավարական համագործակցություն» կուսակցությունը հաղթանակ է տարել կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում եւ հանրապետությունում նոր կառավարություն ձեւավորելու մանդատ կստանա։ Այս մասին ասել է կուսակցության ղեկավար Անդրեյ Պլենկովիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նախնական արդյունքների համաձայն՝ ԽԺՀ–ն ստացել է խորհրդարանի 151 մանդատներից 61-ը եւ առաջին տեղն է զբաղեցրել, սակայն ստիպված է լինելու կոալիցիա ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար։
Կուսակցության առաջնորդն իր դիմումի մեջ նշել է, որ պլատֆորմն ուղղված է տնտեսության զարգացմանը, Խորվաթիայի մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ժողովրդագրական աճին։
Այս խորհրդարանական ընտրությունները Խորվաթիայում մեկ տարվա ընթացքում արդեն 2-րդն էին։ Այս պահին քվեարկությունն ավարտվում է նույն արդյունքներով, ինչպիսիք գրանցվել էին 2015–ի նոյեմբերին, երբ պահպանողականներն ու աջակողմյան ուժերը կոալիցիա ձեւավորեցին։ Ավելի ուշ կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները ստիպեցին անվստահություն հայտնել վարչապետ Տիխոմիր Օրեշկովիչի կառավարությանը եւ հանգեցրին արտահերթ ընտրությունների։



