«Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» համաժողովի ընթացքում կքննարկվեն խոշոր ներդրումային ծրագրեր
ОБЩЕСТВОՀայաստանում Made in Armenia-2016 ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» խորագրով տնտեսական համաժողով: Օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը:
«Համաժողովի ընթացքում կքննարկվեն ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներում: Համաժողովին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, Իրանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մկրտչյանը:
Նա հավելեց, որ համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու առավելությունները և խթանել ներդրումները: «Մենք նախատեսել ենք համաժողովի ընթացքում ներկայացնել մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր: Դրանք լինելու են պետական ծրագրեր տրանսպորտի, էներգետիկայի և այլ բնագավառներում»,- ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը:
«Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 20-ին:



