Սիրիական Հալեպ նահանգ թուրքական տանկեր են մտել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական Հալեպ նահանգ՝ Ար-Ռաի բնակավայրի հետ սահմանին, թուրքական Leopard տանկեր են մտել: Այսպիսով՝ թուրքական զորքերն ընդլայնել են Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության սահմանները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տանկերից բացի, Սիրիան են ուղարկվել Kirpi հակաականային պաշտպանությամբ մի քանի զրահամեքենաներ: Ծանր տեխնիկայի անցումն ապահովելու համար թուրքական կողմը քանդել է Սիրիայի հետ սահմանին կանգնեցված պատի մի մասը:
Սիրիական SANA գործակալությունն էլ գրում է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Էրդողանի ռեժիմն ընդլայնում է ագրեսիան սիրիական տարածքում: Ըստ գործակալության՝ մեծ թվով զրահատեխնիկա է տեղակայվել հարավային Քիլիս նահանգում:
Այս տարվա օգոստոսի 24-ին Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատրվակով ներխուժեց սիրիական տարածք՝ Հալեպ նահանգի Ջարաբլուս քաղաքի շրջանում: Սակայն, ըստ SANA-ի, այն ջանքեր է գործադրում ոչ թե ահաբեկչության դեմ պայքարում, այլ գրավված դիրքերն ամրապնդելու եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի տարբեր կազմավորումներին աջակցելու համար, որոնք, ըստ թուրքական ռեժիմի, պետք է տարածաշրջանում փոխարինեն ԻԼԻՊ-ին:



