Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում. Արման Թաթոյան
ОБЩЕСТВОԱկտիվիստ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը բժիշկները վերջին զննումից հետո գնահատում են նորմալ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը` ավելացնելով, որ ՄԻՊ աշխատակազմը մշտական կապ է պահպանում այն քրեակատորաղական հիմնարկի հետ, որտեղ գտնվում է Անդրիաս Ղուկասյանը: Թաթոյանը նշեց, որ օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին Ղուկասյանին են այցելել ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները, անցած հանգստյան օրերին նրան զննել են քրեակատարողական հաստատության բժիշկները, իսկ դրանից հետո էլ՝ այն բժիշկը, որին հրավիրել էին նրա խնդրանքով: «Մենք օգնել ենք, որպեսզի սոնոգրաֆիստն ու լաբորանտը կարողանան արյան անալիզ վերցնել: Օգոստոսի 29-ին վերցված անալիզների արդյունքները նորմայի սահմաններում են, բայց հացադուլը պահանջում է բժիշկների մշտական հսկողությունը: Մենք նույնպես հետեւում ենք նրա վիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Թաթոյանը: Օգոստոսի 1-ից հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է Սարի թաղում ու Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ մեղադրանքով և այժմ գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:



