Գերմանիայի կառավարությունը կարող է հետքայլ կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից. Spiegel
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի դաշնային կառավարությունը ծրագրում է քաղաքական քայլ անել Թուրքիային ընդառաջ, որպեսզի գերմանացի պատգամավորներին թույլատրվի այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունը իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից:
Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք է հայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ:
Նախքան որոշման ընդունումը Բեռլինում քննարկումներ են տարվել, թե ով պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ: Spiegel-ի հաղորդմամբ` արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի ցանկացել այդ դերը վերցնել իր վրա: Կանցլեր Մերկելի կողմից նման քայլը ևս հնարավոր չէր, քանի որ դա կարող էր դիտարկվել որպես զիջում Էրդողանի առաջ: Ի վերջո որոշվել է, որ մամուլի առաջ կխոսի կառավարության խոսնակ Զայբերտը:
Թուրքական կողմը միջազգային հարթակներում հասկացնել է տվել, որ իրենք պահանջում են հրապարակային քայլ Գերմանիայի կառավարության կողմից, որով վերջինս կհրաժարվի Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից: Գերմանիայի կողմից նման քայլի պարագայում միայն պաշտոնական Անկարան կթույլատրի գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա:



