Դաշտաքարում մանկապարտեզ կկառուցվի
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Դաշտաքար համայնքում մանկապարտեզ կառուցելու նպատակով հողամաս կհատկացվի:
Ըստ կառավարության օրակարգի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ՀՀ սեփականություն հանդիսացող «Դաշտաքար միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող Արարատի մարզի Դաշտաքար համայնքի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 0.39 հեկտար մակերեսով հողամասը հետ կվերցվի եւ կնվիրաբերվի Դաշտաքարի համայնքին՝ հողամասում մանկապարտեզ կառուցելու պայմանով:
Ըստ նախագծի՝ նվիրաբերության պայման է հանդիսանում այն, որ երկու տարվա ընթացքում նվիրաբերվող հողամասում Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով կկառուցվի մանկապարտեզ, որի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 177 միլիոն 354 հազար 360 դրամ, ընդ որում, նշված աշխատանքները չկատարելու դեպքում նվիրաբերությունը կհամարվի վերացված: Նախագծից նաեւ տեղեկանում ենք, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն էր դիմել Դաշտաքար համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ Դաշտաքար համայնքում Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի ծրագրով նախատեսված է կառուցել մանկապարտեզ:
2.563 հա հողատարածքը, որը գյուղապետարանի կողմից նախկինում նախատեսված էր դպրոց, մանկապարտեզ եւ սպորտդահլիճ կառուցելու համար, ամբողջովին անցել է Դաշտաքարի միջնակարգ դպրոցին` իր մեջ ընդգրկելով մանկապարտեզի համար նախատեսված 0.39 հա հողամասը:
Ելնելով մանկապարտեզի կառուցման անհրաժեշտությունից՝ համայնքի ղեկավարը խնդրել է կատարել համապատասխան փոփոխություն՝ առանձնացնելով մանկապարտեզի համար նախատեսված 0.39 հա հողամասը Դաշտաքարի միջնակարգ դպրոցի 2.563 հա հողամասից՝ հնարավորություն ստեղծելով այդ տարածքում մանկապարտեզ կառուցելու համար:



