Ինդոնեզիայում ԻՊ-ի ենթադրյալ աջակիցը փորձել է եկեղեցի պայթեցնել
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի իրավապահ մարմինները Հյուսիսային Սումատրա շրջանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ աջակցի, ով փորձ է ձեռնարկել կիրակի օրը պայթեցնել կաթոլիկ տաճար: Այդ մասին հայտնել է ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բոյ Ռաֆլի Ամարը:
«Իրավախախտը կենդանի է, նա թեթև վնասվածքներ է ստացել, միջադեպի հետևանքով զոհեր չկան»,- չորեքշաբթի օրը ասել է ոստիկանը:
Ոստիկանության տվյալներով՝ 17-ամյա դեռահասը, որի անունը չի նշվում, Մեդան քաղաքում գտնվող եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ դանակով հարձակվել է հոգևորականի վրա և փորձել է գործի դնել ուսապարկում գտնվող պայթուցիկ սարքը: Սարքը չի աշխատել, հոգևորականը միայն թեթև վնասվածք է ստացել: Հարձակվողը ձերբակալվել է. այս մասին հայտնում է Jakarta Globe-ը:
Հաղորդվում է, որ բացի դանակից, կացնից և պայթուցիկ սարքից ձերբակալվածի մոտից առգրավվել է ԻՊ-ի դրոշը հիշեցնող նկար: Այս պահին դեռ հայտնի չէ՝ արդյոք նա կապվա՞ծ է այլ ահաբեկիչների հետ, թե ոչ:



