Սարի թաղի գործով քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց թիվը հասել է 6-ի
ОБЩЕСТВОՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու քաղաքացիների՝ Ա. Տ.-ի և Ֆ. Ս.-ի, նկատմամբ՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
Այսպիսով՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այս հաղորդագրությամբ նաեւ հորդորել է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին մասնակցած, ականատես կամ տուժած անձանց համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ՝ նախաքննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը և լրիվությունը լիարժեք ապահովելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



