Նկուղից հոսանքի լար եւ խորովածի շամփուրներ են գողացել
ОБЩЕСТВОԵրեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ գողություն կատարելու դեպքի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Հովհաննես Սարգսյանին եւ Սամվել Կոջամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք այս տարվա ապրիլի 28-ին նախնական համաձայնության գալով եւ օգտվելով այն հանգամանքից, որ Արարատյան 1-ին զանգված 14 շենք թիվ 2 մուտքի ընդհանուր նկուղի դուռը բաց է եղել՝ այտեղից կատարել են տարբեր իրերի գողություն, մասնավորապես հոսանքի լար, խորովածի շամփուրներ եւ ջրի պոմպ:
Երկուսն էլ այժմ մեղադրվում են Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի համաձայն: Այս հոդվածը նախատեսում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով տուգանք կամ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում եւ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա տուգանք:
Հովհաննես Սարգսյանին եւ Սամվել Կոջամանյանին ստորագրությամբ ազատ են արձակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



