Վերին Գետաշենում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ավարտման փուլում են բարեկարգման երկու ծրագրերը, որոնք իրականացվում են մի դեպքում տեղական բյուջեի, մյուս դեպքում՝ բարերարների միջոցներով:
Ինչպես տեղեկացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, տեղական բյուջեի միջոցներից տրամադրված 20 միլիոն դրամի հաշվին ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող 400 գծամետր երկարությամբ ճանապարհը: «Այս ճանապարհը տարվա բոլոր ամիսներին դժվարանցանելի էր: Այն հաճախակի ենթարկում էինք հողային հարթեցման, սակայն առաջին իսկ տեղումների դեպքում նորից դառնում էր անբարեկարգ: Համարում եմ, որ լուծել ենք գյուղի համար կենսական կարեւոր խնդիրներից մեկը: Մենք ունենք երկու գերեզմանոց, որոնցից մեկի ճանապարհն էլ ասֆալտապատման կարիք ունի, ինչը կփորձենք իրականացնել եկող տարվա ընթացքում, կրկին տեղական միջոցների հաշվին»-նշեց Ռուբիկ Ղուկասյանը: Նույն աղբյուրի համաձայն՝ գյուղի բարերար, արդեն երջանկահիշատակ Մանվել Գալստյանի միջոցներով իրականացվում են Վերին Գետաշենի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: «Մանկապարտեզի (հաճախում է 100 երեխա) բակում տեղադրվում է կարուսել, ճոճանակ, ստեղծվում է խաղահրապարակ, կանաչապատ գոտի: Օրեր անց արդեն մեր մանկապարտեզը դրսից եւս կունենա չափազանց հր ապուրիչ տեսք, ինչի համար գյուղի բնակչությունն ու ղեկավարությունը իր երախտագիտությունն է հայտնում բարերարի ընտանիքին»-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան



