Սիրիայում թուրքական զորքերի գործողությունը ղեկավարող գեներալը մի անգամ արդեն պարտվել է ԼՂՀ-ում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով սիրիացի քրդերի դեմ թուրքական զորքերի գործողությունները ղեկավարում է ապրիլյան 4-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի 18-ամյա զինվորների կողմից ոչնչացված մոտ հարյուր ադրբեջանական հատուկ ջոկատայիններին պատրաստած թուրք գեներալ Զեքի Աքսաքալլըն:
Թուրքական «Միլիեթ» թերթը հայտնում է, որ Զեքի Աքսաքալլըն Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ղեկավարել է ռազմական խռովության մասնակիցների վերացման գործողությունը:
Ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը հայտնում է, որ թուրքական հատուկ նշանակության զորքերի հրամանատար Զեքի Աքսաքալլըն մեկ տարի առաջ եղել է Ադրբեջանում, տարածված լուսանկարում նա պատկերված է ադրբեջանական բանակի մարտական կետերից մեկում դիպուկահարի հրացանով:
Ապրիլյան պատերազմի առաջին օրը ԼՂՀ բանակի 18-ամյա զինվորները ոչնչացրել են թուրք հրահանգիչների կողմից երկար ժամանակ պատրաստություն անցած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման մոտ 100 զինծառայողների, ինչի մասին հայտնել էին նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները:
ANHA լրատվական գործակալությունը օգոստոսի 23-ին հաղորդել է, որ Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու պատրվակով Թուրքիան իր տարածքից «Կատյուշա» հրթիռներով ռմբակոծել է սիրիացի քրդերի Մինբիչի ռազմական խորհրդի ուժերի` քաղաքի հյուսիսում ԻՊ-ից ազատագրած տարածքները: Վաշինգտոնը քննադատել է թուրքական զինուժի այդ գործողությունը:
Թուրքիան երկյուղում է, որ սիրիացի քրդերը Սիրիայի հյուսիսում կարող են ինքնավարություն ստեղծել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախօրեին հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական որեւէ պետական կազմավորման ստեղծում:
Ներկայում Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդերին մնում է վերահսկել Թուրքիայի հետ Սիրիայի միջեւ 900 կմ-ի հասնող սահմանի 100 կմ մասը եւս, ինչից հետո Թուրքիան ամբողջությամբ կկտրվի Սիրիայից: Բացի այդ Անկարան զգուշանում է, որ Սիրիայում եւ Իրաքում քրդական ինքնավարությունների ստեղծումից հետո հերթը կհասնի նաեւ Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան մասում քրդական ինքնավարության ստեղծմանը, ինչի համար Թուրքիայի 20 մլն-ի հասնող քրդական բնակչությունը պայքար է տանում 1980-ականներից սկսած:



