Սիրիական զորքերը Հալեպում ճեղքել են զինյալների պաշտպանությունը ռազմական ուսումնարանի տարածքում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի զորամասերը Հալեպի հարավում ճեղքել-մտել են թռիչքային-տեխնիկական ուսումնարանի տարածք եւ մարտեր են մղում այնտեղ պաշտպանվող ելուզակախմբերի դեմ: Այդ մասին «Սուրիա ալ Էն» լրատվական պորտալին հայտնել է երկրի հյուսիսում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ հրետանին հակառակորդի դիրքերը գնդակոծում է երկու այլ ռազմական ուսումնարանների (հրետանային եւ հետեւակային) տարածքում, որոնք զինյալները գրավել էին օգոստոսի սկզբին:
Չնայած կրած կորուստներին, «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի ուժերը վտանգավոր հակագրոհներ են ձեռնարկում: Կառավարական ուժերն արդեն վեց գրոհ են դիմագրավել Ումմ-Կարաա ռազմավարական բարձունքի ուղղությամբ, որը իշխում է տեղանքի վրա քաղաքի հարավային մատույցներում:
Սիրիական ռազմաօդային ուժերն օդից հարվածներ են հասցնում հակառակորդի զորասյուներին՝ խոչընդոտելով հարեւան Իդլիբից Հալեպի հարավային մատույցներ օժանդակ ուժերի ու զինամթերքի տեղափոխմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



