Հուսով եմ` կկարողանամ եւս մեկ հաղթանակ գրանցել. Մարիամ Դավթյանը` Top Model of The World մրցույթին մասնակցության մասին
ЛАЙФՕգոստոսի 18-ին` Գերմանիայի Բրեմեն քաղաքում, մեկնարկեց Top Model of the World գեղեցկության միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է մոդել Մարիամ Դավթյանը: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 26-ին:
Մինչ այդ, NEWS.am STYLE-ը կապ հաստատեց այժմ Գերմանիայում գտնվող Մարիամի հետ` պարզելու մրցույթի մանրամասների եւ հայ գեղեցկուհու տպավորությունների մասին.

«Մրցույթին մասնակցում են 45 երկրների ներկայացուցիչներ: Մեր առօրյան այստեղ շատ հագեցած է անցնում: Ամեն օր ֆոտոշարքեր եւ հարցազրույցներ ենք ունենում, իսկ երեկոներն անցկացնում ենք շատ հետաքրքիր ձեւերով: Նաեւ ունենում ենք հանգտի եւ սպորտի ժամ, որպեսսզի կարողանանք պահպանել մեր գեղեցիկ արտաքինը»,-ասում է Մարիամը, որն արդեն հասցրել է մտերմանալ մյուս երկրների մասնակիցներից շատերի հետ.


«Բոլորն էլ շատ լավն են. այստեղ շատ լավ ընկերներ ունեմ: Մրցույթները հենց դրա համար եմ սիրում, քանի որ շատ ընկերներ եմ ձեռք բերում մասնակցության ընթացքում: Ռումինիայի մասնակցի հետ ծանոթ էի դեռեւս նախորդ մրցույթից, որը կայացավ Չինաստանում»:

Հայ մոդելն անհամբերությամբ է սպասում մրցույթի եզրափակիչ փուլին.
«Անում եմ առավելագույնը մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար»:
Խոսելով հաղթանակի հնարավորությունների մասին` Մարիամը նշեց.

«Կարծում եմ` մենք ունենք հաղթելու շանսեր, սակայն հիմա ոչինչ հստակ չեմ կարող ասել, քանի որ ոչ-ոք դա չի կարող կանխատեսել: Այնուամենայնիվ, հուսով եմ` կկարողանամ եւս մեկ հաղթանակ գրանցել իմ կյանքում»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Դավթյանը



