ՀՀ-ն պատրաստ է նոր ծրագրերի մշակման գործում սերտորեն համագործակցել «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հետ
ПОЛИТИКАՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երևանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ տիկին Ռադոչայը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավ արության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ԱԳՆ պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում եւ խոստացել ամենայն աջակցություն ցուցաբերել Տանյա Ռադոչային իր գործունեության ընթացքում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։



