«Ֆրեսկո» փառատոնին ավելի քան 70 կինոժապավենի բացօթյա ցուցադրություն կլինի
КУЛЬТУРА
Oգոստոսի 19-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգեւոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է եւ դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ եւ ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:
Ինչպես տեղեկանում ենք Մշակույթի նախարարության կայքից, փառատոնի շրջանակում կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ ու ցուցահանդեսներ, արտերկրից Հայաստան կժամանեն մեկ տասնյակից ավելի հյուրեր, «առանց տոմսի» ձեւաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը: Այս տարի «Ֆրեսկոյի» ծրագրում ներառված է 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն է. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով կքվեարկեն իրենց նախընտրած ֆիլմի օգտին:
«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի մարզային ծրագրով: Օգոստոսի 19-ից 21-ը Հաղարծին վանքային համալիրում կանցկացվի միջազգային բացօթյա կինոճամբար: 100-ից ավելի մասնակիցներին սպասվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում` գիշերային բացօթյա կինոդիտում-քննարկումներ` ֆիլմերի հեղինակների անմիջական մասնակցությամբ:
Փառատոնի երկրորդ հատվածը կանցկացվի Երեւանում: «Ֆրեսկոյի» շրջանակում նախատեսվում է երկու մեծ ցուցահանդես, որոնց պաշտոնական մեկնարկը կազդարարեն հեղինակների` Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց վանքի վանահայր հայր Ղեւոնդ վարդապետ Հովհաննիսյանի եւ լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի վարպետության դասերը: Նշենք, որ «Ֆրեսկոյի» մրցանակները, ավանդույթի համաձայն, պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:




















































