Թուրքիայում մեկ օրում երկրորդ ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել. 3 զոհ, 146 վիրավոր
МЕЖДУНАРОДНОЕՎերջին մեկ օրվա ընթացքում Վանից հետո Թուրքիայի Էլազիղ քաղաքում տեղ ունեցած երկրորդ ահաբեկչական գործողության արդյունքում 3 մարդ զոհվել, 146-ը վիրավորվել են:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էլազիղի ոստիկանությունը համոզմունք է հայտնել, որ ահաբեկչական գործողությունն իրագործել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK):
PKK-ի մարտիկները պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով հարձակում են գործել Էլազիղի ոստիկանության վրա: Զոհվածներից երեքն էլ, վիրավորվածների մեծ մասն էլ ոստիկաններ են: Վիրավորներից 18-ի վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր: Պայթյունից վնասվել են ոստիկանության շենքն ու մերձակա շենքերը:
Թուրքիայի իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են ռեպորտաժներ վարել պայթյունի վայրից, որտեղ հսկայական փոս է առաջացել:
Վանում անցած գիշեր տեղական ժամանակով մոտ ժամը 23:15-ին Իսքելե պողոտայում ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել, որի արդյունքում զոհվել է 5, վիրավորվել 40 մարդ:
Թուրքական Demokrat Haber լրատվական կայքը հայտնել է, որ պայթել է պայթուցիկով լիցքավորված Nissan տեսակի ավտոմեքենան: Սպանվածներից 3-ը քաղաքացիական անձինք, 2-ը` ոստիկաններ են: Վիրավորվածներից 18-ը եւս ոստիկաններ են:
Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս որեւէ կազմակերպություն իր վրա չի ստանձնել:



