Իջեւանում 50-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում է փեսան
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Իջեւանում այսօր՝ օգոստոսի 16-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից։
«Կասկածյալի անձը հայտնի է, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում»,-նշել են լրատվական ծառայությունից։
Նշված դեպքից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Իջեւանում տարածված տեղեկությունների համաձայն՝ 50-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող անձը նրա դստեր ամուսինն է։ Նախնական լուրերով՝ հայրը փեսայի մոտ դստերն ու իր կնոջ հասցեին անպարկեշտ խոսքեր է ասել, ինչից վրդովվել է փեսան, վիճել են,որից հետո իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է աներոջ վրա։ Փեսան 29 տարեկան է։
Ավելի վաղ գրել էինք, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր` օգոստոսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել: Իջեւան քաղաքի տեխնիկումի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով:
Իրավապահները դեպքի վայրում են ու փորձում են պարզել տղամարդու մահվան հանգամանքները: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը Իջեւանի բնակիչ է, անունը Վաչիկ է: Իջեւանում տարածված լուրերի համաձայն՝ նա վիճել է իր հարազատներից մեկի հետ, որն էլ որսորդական հրացանով կրակել է:
Տղամարդու մահվան հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:



