Ես հասա նպատակիս. Ահարոն Ադիբեկյան
ИНТЕРВЬЮ
Իր վերջին ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել է. «Արցախի 150 հազար բնակչությունը 12 000 քառակուսի մետր տարածքն ի՞նչ է անելու, եթե ստանում է անկախություն»:
Սպասելի էր, որ այս խոսքերը շատ սուր և կոպիտ արձագանք կստանան հանրության շրջանում: Ադիբեկյանը սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից մեղադրվեց դավաճանության մեջ: Եղան նաև տեսակետներ, թե որոշ ուժեր փորձում եմ Ադիբեկյանի միջոցով կարծիքներ ձևավորել կամ ստուգել հանրային տրամադրությունները:
Past.am-ի հետ զրույցում սոցիոլոգը նշեց, որ շատ ուրախ է քննադատությունների համար: «Դա սոցիոլոգիայի մեջ կոչվում է пробный шар, որի միջոցով փորձում ես խառնաշփոթ ստեղծել և նայել դրա արդյունքներին: Սա հասցեագրված է ադրբեջանական կողմին: Ինձ լավ սիրում են ցիտել այնտեղ, հաճախ են հղում անում իմ հարցումներին: Եթե բացեն կայքերն ու տեսնեն, թե իմ հայտարարությունն ինչպես ընկալվեց, նրանք կհասկանան, որ տարածքների վերադարձն անիմաստ բան է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ ոչ ոքի մտքով չանցավ լրջորեն զբաղվել ազատագրված հողերի վերաբնակեցմամբ, նպաստել ծնելիության աճին:
Դա, ըստ սոցիոլոգի, վկայում է այն մասին, որ քննադատում են վառոդի հոտ չզգացած մարդիկ, որոնք չեն հասկանում՝ ինչ է նշանակում 700 կմ-անոց սահման պահել:
«Իմ հիմնական նպատակն էր ցույց տալ ադրբեջանական կողմին, որ հողերի վերադարձը լուրջ ազգային դժգոհության ալիք կբարձրացնի: Տեսեք իմ օրինակը. ես մի անմեղ բան ասացի, ինչ սև մուր եմ ուտում դրանից հետո: Ես հասա նպատակիս: Այնպես են խոսում, կարծես թե այդ հողը ես եմ բաժանում: Հիմարություններ են, տհասության հետևանք: Նման բան չէին ասի, եթե խորությամբ հասկանային նպատակս»,- խոսքը եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:
Լևոն Փանոսյան




















































