Տատու արտիստը՝ դաջվածքների տեսակների, հակացուցումների ու գների մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Դաջվածքներ կամ սիրում են, կամ ատում. մարդկանց մի մասը կարծում է, որ դաջվածքը գեղեցկացնում է մարմինը, մյուս մասն էլ պնդում է հակառակը:
Հայաստանում ովքե՞ր են դիմում արվեստի այս տեսակին, միջինն ի՞նչ արժե այս հաճույքը, եւ մեծամասամբ ինչպիսի՞ դաջվածքներ են նախընտրում հայ երիտասարդները. Նշված եւ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է տատու արտիստ Կարեն Հակոբյանի (Շուր) հետ:

«Յուրաքանչյուր իր աշխատանքը հարգող տատու-արտիստ պետք է իր նյութերն ու գործիքները ստերիլ վիճակում պահի: Օգտագործվող յուրաքանչյուր գործիք մեկ անգամվա համար պետք է նախատեսված լինի: Եթե ընդհանուր մեկ նախադասությամբ ասենք, ապա տատու արտիստի գործիքի միայն շարժիչն է, որ չի փոխվում, մնացած ամեն ինչ՝ ներկի տարայից, մինչեւ ասեղներ պետք է մեկ անգամվա լինեն, չհաշված հենց տատու արտիստի ձեռքերի մաքրությունն ու ձեռնոցների կիրառումը: Եթե չպահպանվեն այս կանոնները՝ ապա դաջվածք կատարելը կարող է առողջության համար վտանգավոր լինել ու տարբեր վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու պատճառ դառնալ»,- նշեց Կարենն ու հավելեց.
«Ինչ վերաբերվում է ներկերի վնասակարությանը, ապա սա իհարկե, միֆ է, եթե տվյալ տատու արտիստը օգտվում է որակյալ ներկերից, որոնց հիմքում ընկած են օրգանիկ նյութեր: Գոյություն ունեն աշխարհում առաջատար ապրանքանիշեր, որոնց ներկերից էլ օգտվում են փորձառու տատու արտիստները»:
Ի դեպ, մասնագետի խոսքով, դաջվածք անելու համար կան նաեւ հակացուցումներ՝ արգելվում է դաջվածք անել ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես նաեւ հղիներին եւ մաշկային ու ալերգիկ հիվանդությամբ տառապողներին:

Եթե տարիներ առաջ հազվադեպ կարելի էր հանդիպել իգական սեռի ներկայացուցիչների, որոնց մարմնի վրա կային տարբեր դաջվածքներ, ապա մեր օրերում այս երեւույթը արդեն զարմացնող չէ:
Խոսելով իր՝ կին հաճախորդների մասին՝ Կարեն Շուրը նշեց. «Սա մեր հայ կոնսերվատիվ մենթալիտետին հատուկ մտածելակերպ է, իսկ ո՞վ է ասել, որ տատուն միայն տղամարդկանց համար է: Դաջվածքը գոյություն ունի արդեն հազարավոր տարիներ, ամբողջ աշխարհում սա նորմալ երեւույթ է եւ չունի սեռային խտրականություն: Մեր երկրում մշակութային էր դարձել նման մտածելակերպը, որ տատու անում են միայն տղաները՝ բանակում, բայց դա, իհարկե, սխալ կարծիք է: Որպես տատու արտիստ կարող եմ ասել, որ կանանց վրա դաջվածքը կարող է շատ ավելի գեղեցիկ դիտվել. հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս առումով ավելի շատ զարգացում կապրենք ու կընդունենք, որ դաջվածքն էլ արվեստի մի տեսակ է»:
Անդրադառնալով հաճախորդների կողմից ամենաշատ ընտրվող պատկերներին, մասնագետը նկատեց. «Սա շատ ինդիվիդուալ է: Մարդն ինքն է որոշում, թե ինչ է ուզում պատկերվի իր մարմնին, տատու արտիստն այս առումով չպետք է միջամտի, նա միայն կարող է խորհուրդ տալ: Պատկերի ընտրությունը խիստ անձնական է, քանի որ սովորաբար դրանք իրենց մեջ պատմություն, իմաստ կամ որեւէ խորհրդանիշ են պարունակում: Բայց այս դեպքում պետք է նկատել նաեւ, որ մարդ կա՝ իր համար ինքնանպատակ է տատու անելը, նա չի էլ հասկանում, թե ինչու է դա ուզում, իսկ այդ ժամանակ կոնկրետ ես խորհուրդ եմ տալիս հրաժարվել դաջվածք անելուց: Միաժամանակ կան նաեւ մարդկանց մի խումբ, ովքեր արդեն տառապում են տատումանյայով, ովքեր առաջին դժվարությունը հաղթահարելուց հետո, անընդհատ ուզում են իրենց մտքերը պատկերի միջոցով հաղորդել մարմին` այդպիսով հավերժացնելով իրենց կյանքի կարեւոր դրվագները»:

Հարցին՝ մեր երկրում դաջվածք անելն ի՞նչ արժե, Կարեն Շուրը պատասխանեց. «Եթե ընդհանուր դիտարկենք՝ կարող ենք ասել, որ տատու անելը սկսվում է 8000 դրամից մինչեւ հազարավոր դոլարներ: Գինը կախված է ընտրված պատկերից՝ նայած, թե ինչ բարդության աշխատանք է տարվում: Բնականաբար, եթե մարդու վրա նկարում ես եռաչափ պատկերով գեղարվեստական աշխատանք, այս դեպքում մատչելի լինել ուղղակի չի կարող, քանի որ նման աշխատանքի վրա տատու արտիստը կարող է ամիսներով աշխատել»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



