Տավուշի եւ Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզերում զբոսաշրջությունը խթանելու դասընթաց Դիլիջանում
ОБЩЕСТВОԵՄ-ի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակներում օգոստոսի 15-22-ը Դիլիջանում անցկացվելու է զբոսաշրջավարությանը նվիրված 7-օրյա դասընթաց, որը մեկտեղում է 30 հայ եւ վրացի երիտասարդների, ինչպես նաեւ հայկական եւ վրացական մասնավոր ոլորտը ներկայացնող եւս 30 ներկայացուցչի:
ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնն» իրականացնելու է հայ եւ վրացի 30 երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանն ուղղված միջսահմանային նորարարական ծրագիր: Ինչպես հայտնում է ԴԵՀԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Մկրտիչ Դալլաքյանը, զբոսավարության թեմայով որակավորման դասընթացների մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Տավուշ եւ Քվեմո-Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներ ընդգրկող տուր-փաթեթներ կազմելու համար:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի եւս 30 մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ կանցնեն հատուկ դասընթացներ՝ հյուրընկալության եւ շուկայավարության թեմաներով՝ բարձրացնելու զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների որակը: Որպես ծրագրի թիրախային շրջաններ են ընտրվել Հայաստանի Տավուշ եւ Վրաստանի Քվեմո Քարթլի մարզերը՝ նկատի ունենալով սոցիալ-մշակութային եւ այլ ընդհանրությունները:
Երկու տարածաշրջաններն էլ ունեն զբոսաշրջային մեծ ներուժ, հատկապես ոչ նյութական զբոսաշրջային արժեքների առումով: Վերջինների ուսումնասիրությունը այս ծրագրի հիմնական առանցքներից է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



