Երեւան-Հարբին համագործակցություն. Չինական քաղաքը Ստալինի անունով պուրակ ունի
КУЛЬТУРА
Երեկ մայրաքաղաքում քննարկվել են Երեւանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հարբին քաղաքի համագործակցության հեռանկարները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է ՉԺՀ Հարբին քաղաքի Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինի գլխավորած պատվիրակության հետ:
Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ առաջիկայում մայրաքաղաքում կմեկնարկի Չինաստանի նոր դեսպանատան շենքի շինարարությունը: Չինացի հյուրը ներկայացրել է շուրջ 11 միլիոն բնակիչ ունեցող Հարբինի պատմությունը եւ հույս հայտնել, որ վերը նշված ոլորտներում Երեւանն ու Հարբինը համագործակցության իսկապես լավ հեռանկարներ ունեն: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնել` կոնկրետ ուղղություններով երկուստեք փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով:
Չինական կողմը նաև երևանյան պատվիրակությանը Հարբինում հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնել:
Նշենք, որ Հարբինը Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող քաղաք է: Նրա տնտեսության մասն են կազմում մեքենաշինությունը, նավթային եւ քիմիական ձեռնարկությունների համար անհրաժեշտ սարքավորումների արտադրությունը, նավաշինությունը:
Հարբինում նաեւ գործում է գարեջրի արտադրամաս, որի արտադրանքը, ըստ արտադրության ծավալների, 4-րդն է Չինաստանում: Հարբինը նաեւ խոշոր մշակութային եւ գիտական կենտրոն է: Այնտեղ երեք համալասարան է գործում: Քաղաքն ունի իր օդանավակայանը, մետրոն եւ նավահանգիստը: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է համարվում չինական ուղղափառ եկեղեցու Ս. Սոֆյայի տաճարը, որն այժմ չի գործում: Վերջինում գտնվում է ճարտարագիտական թանգարան:
Հատկանշական է, որ այս քաղաքում կա նաեւ Իոսիֆ Ստալինի անվան պուրակ-այգի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































