Գյումրեցիները խցաններից գորգ-խճանկարներ են ստեղծում
ИНТЕРВЬЮ
«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունը մի շատ հետաքրքիր է գաղափար է կյանքի կոչել՝ շշերի խցաններով խճանկարներ է պատրաստում: Նախաձեռնությունը բազմիցս հայտարարել է, որ տարբեր գույների, չափերի եւ ձեւի խցաններ է սկսել հավաքել:
Անգամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով են մարդկանց տեղեկացրել, որ խցանների կարիք ունեն եւ առաջարկել են բոլորին միանալ այս բարի գործին: Հավաքում են ցանկացած տիպի ու տեսքի խցան՝ լինի մեծ, թե փոքր, գունավոր, թե անգույն, երկաթից, թե պլաստիկ, օղու, թե գարեջրի շշի: Մետաղական խցանները նաեւ ներկում են:
Past.am-ը զրուցել է «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանի հետ: Մեր զրուցակիցը պատմում է, որ երկու օրը բավական է նման հրաշք ստանալու համար: Մեկ խճանկար ստեղծելուն սովորաբար մասնակցում են 4-10 հոգի:
«Մենք արդեն 2 տարի է՝ մեր ընկերների հետ միասին սկսել ենք խցանահավաք եւ տարբեր տեսակի, գույնի, չափի խցաններ ենք հավաքում»,- նշում է Արսեն Վարդանյանը: Նախաձեռնության անդամները մեկ խճանկար ստեղծելու համար երկաթե թիթեղով եւ փայտե կոնստրուկցիաներով հիմնակմախք են պատրաստում եւ հետո պտուտակներով ֆիքսում խցանները: Արսեն Վարդանյանը պատմում է, որ տարբեր ոճերի 5 խճանկար ունեն արդեն:
«Գլուխգործոցները կոնկրետ անուններ չունեն, բայց ունեն բացատրություններ՝ երազանքների օդապարիկ, երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված բարեկեցիկ պայմաններով տուն, սոցցանցերում հավանումներ ու ընկերներ չունեցող, գաղափարակիցներ չունեցող լացող մարդ, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը նվիրված խճանկար՝ անվասայլակով տղա՝ ձեռքն ամուր առաջ պարզած ու ժպիտը դեմքին»,- իրենց աշխատանքների մասին պատմում է Արսենը: Սրանց մեջ թերեւս առանձնանում է գորգի տեսքով պատրաստված խճանկարը:
Արսենն ասում է, որ գորգի գաղափարը խոհափիլիսոփայական է. «Մենք ունենք գորգեր մեր տան պատերին, իսկ ինչո՞ւ չունենալ պատի արտաքին հատվածում»: Պատմում է, որ գորգեր ստեղծելու գաղափարն սկսել են իրականացնել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում՝ Գյումրիում գտնվող սփյուռքահայ երիտասարդ կամավորների հետ:
«Մեզ միանում են նաեւ այլ ցանկացողներ, տարաբնույթ հետաքրքրությունների ու մասնագիտությունների տեր մարդիկ: Հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք հայկական կարպետի տեսքով եւս երկու նոր խճանկար ստեղծել»,- նշում է մեր զրուցակիցը:
Վերջինս տեղեկացնում է, որ խճանկարները շենքերի արտաքին պատերին են փակցնելու, որպեսզի անցորդները տեսնեն, լուսանկարվեն ու հաճույք ստանան: Նշում է նաեւ, որ մինչ հերթական ստեղծագործության մտահղացումը կյանքի կոչելը իրենք նախապես ընտրում են, թե աշխատանքը քաղաքի որ հատվածում եւ որ շենքի վրա պիտի ամրացվի, քանի որ իրենց համար շատ կարեւոր են ճարտարապետական լուծումներն ու քաղաքի գեղագիտական տեսքը: Ինչ վերաբերում է խճանկար-գորգերի ստեղծմանը, Արսենը նշում է, որ գորգի նախշերն ամբողջությամբ վերարտադրելը մի փոքր բարդ գործ է, այդ իսկ պատճառով փորձում են եղած լուսանկարների հիման վրա պատկերները վերարտադրել:
«Համացանցից եւ զարդանախշերի համար նախատեսված գրքերից ենք օգտվում, համեմատում ենք իրար հետ, համեմատում ունեցած ռեսուրսները, ընտրում պատը, տեսնում՝ ինչ գույներով կարպետներն ավելի կհամապատասխանեն տվյալ պատին կամ փողոցին եւ սկսում աշխատանքը»,- վերջում հավելում է նա:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































