Որպես փաստաբան ներկայանանալով՝ ավելի քան 11 հազար դոլար է հափշտակել
ОБЩЕСТВОԵրեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով գումարներ հափշտակելու փաստի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Լիլիթ Մհերի Ֆարմանյանը Երեւանի բնակիչ Աշխեն Արմաղանյանին ներկայանալով իբրեւ թե ՀՀ փոստաբանների պալատի փաստաբան՝ փաստաբանական ծառայություն մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու եւ նրա շահերը պաշտպանելու պատրվակով վերջինից մաս մաս ստացել է 3500 ԱՄՆ դոլար գումար: Իսկ տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար Լիլիթ Ֆարմանանյանը Աշխեն Արմաղանյանից եւս 1 միլիոն 334 հազար դրամ գումար է ստացել:
Բացի այդ Լիլիթ Ֆարմանյանը տեղեկանալով, որ Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր, նրանց ներկայանալով որպես փաստաբան եւ վստահություն ստեղծելով, թե կարող է ՀՀ քաղաքացիական դատարանում հանդես գալ նրանց անունից՝ 2014թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 5000 ԱՄՆ դոլար:
Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով: Ինչը նախատեսում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանք կամ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում եւ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա տուգանք:
Լիլիթ Ֆարմանյանին ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



