Աֆղանստանում օտարերկրյա երկու պրոֆեսորների են առեւանգել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում առեւանգել են երկու օտարերկրացիների՝ ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի քաղաքացիների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News հեռուստաալիքին, որի տվյալներով՝ երկուսն էլ Քաբուլում գտնվող Աֆղանստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսորներ են: Նրանց անունները չեն նշվում: Առեւանգման փաստը հաստատել է քաղաքի ոստիկանապետ Աբդել Ռախման Ռահիմին: Նրա խոսքով՝ դասախոսներին առեւանգել են՝ զենքի սպառնալիքով:
«Ամերիկայի ձայնի» տեղեկատվության համաձայն՝ պրոֆեսորների վրա հարձակվել են անհայտ անձինք, որոնք եղել են ազգային անվտանգության ուժերի համազգեստով: Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում չկա:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նույնպես հավաստել է առեւանգման փաստը, սակայն անվտանգության նկատառումներով հրաժարվել է մանրամասներ հայտնել:
Ներկայում Քաբուլի ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է կատարում եւ որոնում է կորած օտարերկրացիներին: Առայժմ ոչ ոք չի ստանձնել առեւանգման պատասխանատվությունը:



