Ապրիլյան պատերազմից հետո «Երևան Տարազ ֆեստը» նոր շունչ բերեց. արցախցի պաշտոնյաների համոզմունքը
ОБЩЕСТВОՕգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ «Երևան Տարազ ֆեստ» փառատոնը:
Այս մասին հայտնում է Past.am կայքը: Միջոցառումն իրականացավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցությամբ:
Այն բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում եղավ տոնավաճառ-ցուցահանդես, որին մասնակցեցին ինչպես Երևանից, այնպես էլ Արցախից ստեղծագործողներ: Հաջորդ մասում տեղի ունեցան դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի, Վահան Խաչատրյանի տարազային հավաքածուների ցուցադրությունները, որոնք ներկայացրեցին «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելները: Ինչպես նշեց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, փառատոնն անցկացվեց «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:

«Փառատոնն Արցախում կազմակերպելու գաղափարն առաջացավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ` Արցախ կատարած վերջին այցելության ժամանակ: Միջոցառման նպատակներից մեկն է զբոսաշրջային ու մշակութային կյանքն Արցախում ակտիվացնելը: Մեր բոլոր դրական լիցքերն ու ժպիտները մեզ հետ բերել ենք արևի քաղաք Երևանից: Մեզ հետ Արցախ է այցելել մոտ 130 հոգանոց պատվիրակություն, որի կազմում կան ժողվարպետներ, ստեղծագործողներ, նորաձևության տներ, ասեղնագործողներ, տիկնիկագործներ, դիզայներներ: Ակնկալիքն այն է, որ արցախցիները ուրախանան, քանի որ այս փառատոնն իրենց համար է»,- ասաց նա:


Նշենք, որ հանդիսությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և այլ պաշտոնյաներ: Նախագահ Բակո Սահակյանը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ աշխատանքներին և նվերներ գնեց արցախցի մանուկների համար, որոնք ուղեկցում էին նախագահին հրապարակում: Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Վերջին չորս տարիներին Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակներում, շնորհիվ պարոն Մարգարյանի, բավական շատ ոլորտներում տարբեր ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն այս ծրագիրը նոր ձևաչափ է, այն նոր շունչ է հաղորդում արցախցիներին:
Ապրիլյան վերջին իրադարձութուններից հետո սա նոր քայլ է, որպեսզի ներգրավենք զբոսաշրջիկներին»։
Վերջում հավելենք, որ հանդիսության բարձր տրամադրությունն ապահովեցին «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, «Միլեն» շոու-բալետը, ԼՂՀ պարի պետական անսամբլը, ԼՂՀ-ի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը:
Լևոն Փանոսյան



