«ԶՊՄԿ»-ի աշխատակիցները ընկերությանը 146 հազար դոլարի վնաս են պատճառել
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության աշխատակիցների կողմից փաստաթղթեր կեղծելու եւ ընկերությանը ավելի քան 70 միլիոն դրամի վնաս հասցնելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ «ԶՊՄԿ ՓԲԸ»-ի ավագ երթակարգավար Գոռ Ստեփանյանը նախնական համաձայնության գալով նույն ընկերության վառելիքաքսայուղերի ծառայության ղեկավար Կարեն Եդիգարյանի հետ` կեղծել են փաստաթղթեր եւ ընկերությանը պատճառել 70 միլիոն 263 հազար 720 դրամի վնաս՝ բենզինի եւ դիզելային վառելիքի տեսքով:
Գոռ Ստեփանյանը եւ Կարեն Եդիգարյանը մեղադրվում են Քրեական օրոնսգրքի 178-րդ հոդվածի(Խարդախությունը) երրորդ մասի առաջին կետի եւ 325-րդ հոդվածի(Փաստաթղթեր, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) երկրորդ մասի հատկանիշնորով: Առաջինը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Իսկ երկրորդը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ կամ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում:
Երկուսն էլ այս պահին կալանավորված են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



