Ստամբուլի դատարանը Գյուլենին կալանավորելու որոշում է կայացրել
МЕЖДУНАРОДНОЕՉափավոր իսլամական գաղափարախոս, «Հիզմեթ Հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ Ստամբուլի դատարանը կալանավորման որոշում է կայացրել: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, կալանավորման որոշումը կայացվել է «հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման կարգադրություն տալու» հիմնավորմամբ:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության և ոստիկանության աշխատակիցներ:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից:
Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: 2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանությունները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` կապված Թուրքիայի գործող ղեկավարության և իշխող «Արդարութուն և զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու համար ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածների հետ:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ և ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ և դատախազներ: Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից:



