«Գոլդ» բախտը» «գոլդ թվերի» մեջ մի փնտրեք
ЛАЙФԱյսօր վերջին հնարավորությունն է «գոլդ» ամսաթվին ամուսնանալու եւ ամուսնության վկայականում «գոլդ» ամսաթիվ ունենալու համար: Այս վերջին «շանսը» օգտագործելու ձգտումը հայ ամուսնացող զույգերին ստիպել է դեռ ամիսներ առաջ դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ստորաբաժանմումներ, որպեսզի հանկարծ հետ չմնան 12.12.12-ին ամուսնությունը գրանցելու հնարավորությունից: Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է, որ «գոլդամոլությունը» հայկական երեւույթ չէ, այն «տարել է նաեւ ամբողջ աշխարհին»: Նա նշել է, որ «գոլդ» թվերին ամուսնանալու մեջ տարբեր մարդիկ տարբեր իմաստ են դնում, բայց հիմնականը հետագայում ամուսնության տարեթիվը հիշելու, գեղեցիկ, սիմետրիկ թիվ ընտրելու խնդիրն է: Հոգեբանի խոսքով` այստեղ գործում է «լավ ձեւի» օրենքը, ինչը ընդհանուր ընկալման օրինաչափություն է, որին ենթարկվում են կենդանիները եւ մարդիկ: Երկուսն էլ ի ծնե սիրում են սիմետրիկություն: Սամվել Խուդոյանը նկատել է, որ ճոխ հարսանիքներ անողները ավելի հաճախ են ամուսնալուծվում, ուստի կոչ է անում «գոլդ» բախտը» «գոլդ թվերի» կամ այլ արտաքին գեղեցկությունների մեջ չփնտրել:
Ես էլ եմ կարծում, որ երջանկությունը թվերի հետ կապելը ընդամենը սնահավատություն է: Ճիշտ է, գեղեցիկ է թվերի համընկնումը, բայց ամուսնության, ապագա ընտանիքի ամրությունը կապել թվերի հետ ուղղակի ծիծաղելի է, ավելի ծիծաղելի է, որ այսօր գրանցվելու են ամենաշատ թվով ծնունդներ: Դեռ ամիսներ առաջ ապագա մայրերը գրանցվել են հիվանդանոցներում, որ կեսարյան վիրահատության օգնությամբ իրենց երեխաներին «գոլդ օր» ծննդաբերեն: Սիրելի ծնողներ, թողեք թող ձեր երեխաները ծնվեն այն օրը, որը իրենցն է, և եթե այդքան սնահավատ եք ու այդ աստիճանի ճակատագրապաշտ, ապա պետք է նաև լավ իմանաք, որ չի կարելի խառնվել ճակատագրի գործերին...



