Տարածաշրջանում մեկ շաբաթում ինը երկրաշարժ է գրանցվել
ОБЩЕСТВОՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 9 երկրաշարժ: Հուլիսի 29-ից 31-ը երեք երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, մեկը՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Բաշկալա քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևելք, մյուս երկուսն էլ՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 և 2.3) Չալդրան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևելք և Վան քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևելք: Հուլիսի 30-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Թավրիզ քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օգոստոսի 1-ին 6-7 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 5.0) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Քյուրդամիր քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են, մասնավորապես, Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղ) քաղաքում՝ 3-4 բալ, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ 3 բալ և մայրաքաղաք Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Նույն օրը նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել ևս երկու երկրաշարժ՝ 5 և 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.9 և 4.1): Օգոստոսի 2-ին 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.8) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Ահար քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, այն զգացվել է Մեղրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանից դուրս 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հուլիսի 29-ին՝ Հյուսիսային Մարիանյան կղզիների տարածքում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Հուլիսի 31-ին 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանում: Երկրաշարժի հետևանքով տարհանվել է 1200 մարդ, վնասվել է 200-ից ավելի շինություն:



