«Իշխանություններին այս փայլուն «հաղթանակի» համար կարելի է շնորհավորել». Գրիգոր Խաչատրյան
ИНТЕРВЬЮ
Past.am-ի զրուցակիցն է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը: Դերասանը մեզ հետ զրույցում իր կարծիքն ու վերաբերմունքն է արտահայտել «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ցույցերի մասնակիցների ձերբակալությունների կապակցությամբ:
- «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասը հիվանդանոցում է, մեծ մասը՝ կալանավորված: Ի՞նչ եք կարծում, իշխանություններն հիմա ինչպիսի՞ վերաբերմունք պիտի ցուցաբերեն տղաների եւ ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիների նկատմամբ:
- Օրենքը պիտի գործի բոլորի համար: Եթե մարդ օրենք է խախտում, պիտի պատժվի եւ լավ կլինի, որ այդ օրենքը բոլորի համար հավասար լինի: Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչ բոլորն են հավասար օրենքի առաջ: Դա էլ պատճառ է դառնում, որ մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի, որպեսզի իրենց խնդիրները բարձրաձայնեն: Երբեմն այնպիսի ժամանակներ ու կարգեր են լինում, որ խնդրի մասին բարձրաձայնելու համար միակ ճանապարհը ծայրահեղ քայլերի դիմելն է: Եվ հիմա, պատժելով «Սասնա ծռեր» խմբի անդամներին ու այսպես ասած անկարգություններ արած քաղաքացիներին, երկրիս հսկայական խնդիրները չեն լուծվելու:
- Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Դավիթ Սանասարյան, Անդրիաս Ղուկասյան: Այս մարդկանց կալանավորել են իբրև թե անկարգություններ հրահրելու համար: Ի՞նչ գնահատական կտաք այդ երեւույթին:
- Գնահատականը, բնականաբար, բացասական է: Անընդունելի բաներ շատ եղան: Թեկուզեւ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի ձերբակալությունը, ինչն ինձ համար լրիվ անհասկանալի է: Մի բան կարող եմ հստակ ասել՝ հանցավոր կարգերը շարունակում են իրենց հանցավոր երթը: Այս ամենը, բնականաբար, դատապարտելի է:
- Բազմաթիվ հասարակական-քաղաքացիական կազմակերպություններ հանդես են գալիս վերջիններիս անհապաղ ազատ արձակելու կոչերով: Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը նրանց կողքին կկանգնի՞:
- Մեր հասարակությունը դժվար ընթեռնելի է եւ դժվար է հասկանալ նրա յուրաքանչյուր գործողությունը: Իհարկե, տղաներին արդարացնելն իրենց արարքի համար ոչ թե մեր խնդիրն է, այլ դատարանի: Դատարանը պետք է որոշի` արդարացնե՞լ նրանց, թե՞ դատապարտել: Բայց ես չեմ կարող ասել, որ նրանց քայլն ինձ համար հասկանալի չի եղել, բոլորի համար է այն պարզ ու հասկանալի: Հիմա նրանց արդարացնելը կամ դատապարտելը անաչառ դատարանի աշխատանքն է, բայց ես խիստ կասկածում եմ, որ մեր երկրում նման դատարան կա:
- Ձեր կարծիքով «Սասնա ծռերի» ձերբակալությունց հետո փոփոխությունների հեռանկարը ավարտվա՞ծ կարելի է համարել:
- Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր այս տեսակի հասարակական ընդվզումից հետո իշխանությունն իրեն՝ իր սեփական ժողովրդի դեմ հաղթանակած է համարում, այնպես որ նրանց այս փայլուն «հաղթանակի» համար կարելի է շնորհավորել: Ցավոք, ես չեմ ակնկալում, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունը սթափեցուցիչ ազդեցություն կունենա մեր իշխանությունների վրա, ավելին, իրենց հաղթանակած կպահեն, որ այդպիսի մեծ խնդիր են հաղթահարել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































