«Հայէկոնոմբանկն» իր նախկին աշխատակիցներին բնակարան է նվիրել
ОБЩЕСТВО«Հայէկոնոմբանկ» ընկերությունն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոց 3 հասցեում գտնվող եւ 2015թ. նոյեմբեր 30-ի դրությամբ իր սեփականությունը հանդիսացող 29 միլիարդ 960 միլիոն 794 հազար դրամ հաշվեկշռային արժեքով եւ 2590.38 քառակուսի մետր մակերեսով բնակելի շենքն իր 15 բնակարաններով որոշել է նվիրել այնտեղ բնակվող ընտանիքներին:
Այս մասին որոշման նախագիծը կքննարկվի վաղը կայանալիք կառավարության նիստի ընթացքում: Ըստ նախագծի՝ «Հայէկոնոմբանկ» ընկերության նախագահը գրությամբ դիմել է վարչապետին՝ հայտնելով, որ 1992-1995թթ. ընկերության ֆինանսավորմամբ Վանաձոր քաղաքի Լենինգրադյան փողոցում բանկի աշխատակիցների համար կառուցվել է բնակելի շենք եւ այնուհետեւ ընկերությանը տրվել է վերոնշյալ թիվ 3 բնակելի շենքի նկատմամբ բանկի Վանաձորի մասնաճյուղի սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ վկայագիր, ինչից հետո շենքի բնակարանները փաստացի հանձնվել են բանկի նախկին աշխատակիցների տիրապետմանը՝ առանց իրավաբանորեն ամրագրված իրավունքների:
Եվ քանի որ շուրջ 20 տարի բնակարանները փաստացի տիրապետվում են բնակիչների կողմից, ընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին որոշում է կայացրել շենքը հանձնել ՀՀ կառավարության տնօրինությանը՝ այնտեղ բնակվող ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու նպատակով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



