Այս տարի ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 123 զինծառայող. «Խազար»
МЕЖДУНАРОДНОЕ2016 թվականի անցած ժամանակաշրջանում (մինչեւ օգոստոսի 1-ը) Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 123 զինծառայող: Նրանցից 105-ը մահացել են մարտական, 18-ը՝ ոչ մարտական պայմաններում:
Վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքի կայքը, Ադրբեջանի պաշտոնական կառույցների եւ ԶԼՄ-ների հաղորդագրությունների հիման վրա անցկացրած մոնիտորինգի արդյունքներով հայտնում է «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute – CDSI):
Ըստ «Խազարի»` 105 զինծառայող սպանվել են հակառակորդի արձակած կրակից, 2 զինծառայող մահացել են ավտոմոբիլային վթարից, մեկ զինվոր` հիվանդության հետևանքով, 5 զինծառայող ինքնասպանություն են գործել, 2 հոգի մահացել անզգուշության պատճառով, 3 հոգի` դժբախտ պատահարից, 5 հոգի` զինվոր ծառայակցի կողմից արձակած գնդակից, մեկ հոգի` անհայտ պատճառով:
Մահացածներից 65-ը զինվորներ են, 17-ը` ժամկետանց զինծառայողներ, 12-ը` ենթասպաներ, 29-ը` սպաներ: Նրանցից 122-ը պաշտպանության նախարարության, 1-ը` պետական սահմանային ծառայության զինծառայողներ են:
Անցած ժամանակաշրջանում վիրավորվել կամ վնասվածք են ստացել 53 զինծառայող: 46 զինծառայող վիրավորվել են հակառակորդի կրակոցից, 5 հոգի` պայթել ականի վրա: Բացի այդ, մեկ զինծառայող (ՊՆ) վիրավորվել է ավտովթարի հետևանքով, մեկ հոգի (պետական անվտանգության ծառայության)` զինավարժանքների ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով:
«Խազար»-ը հայտնում է, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ին անցկացված ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից մահացածների, վիրավորվածների կամ վնասվածք ստացած զինծառայողների թիվը շատ ավելի լինելու հավանականությունը մեծ է՝ չնայած այն բանին, որ դրա վերաբերյալ որեւէ պաշտոնական վիճակագրություն չկա:
Ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներով` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրը հայկական ուժերի զինվորները ոչնչացրել են 100-ից ավելի հատուկ ջոկատայինների:
Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին եւ ամբողջ ամսվա ընթացքում հայկական ուժերի հետ բախումներում ունեցած ընդհանուր կորուստը` վախենալով, որ դա կարող է խուճապ եւ դժգոհություն առաջացնել հասարակության մեջ:
OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից հնչեցվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ կազմել է գրեթե 800 մարդ:
Միջազգային Bellingcat վերլուծական խումբն ավելի վաղ հայտնել է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:
Մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչները Վիեննայում արցախյան հակամարտության վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ին ադրբեջանական կողմի կորուստը կազմել է նվազագույնը 260 զինծառայող եւ քաղաքացիական անձ (4 հոգի):
ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:



