ՀՀ Նախագահը բացառել է ԼՂ հարցում միակողմանի զիջումների հնարավորությունը
ПОЛИТИКАԼեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հասարակայնության տարբեր շերտերի հետ հանդիպման ժամանակ:
«Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Նա ևս մեկ անգամ բացառել է միակողմանի զիջումների հնարավորությունը: «Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը: Ամփոփելով շեշտեմ՝ մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած: Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար: Իսկ այդ մասին մենք շատ ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:



