Ազատության հրապարակում հավաքված բազմությունը չէր ցանկանում ցրվել. սկսվել է ինքնաբուխ երթ
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Ազատության հրապարակում հավաքված բազմությունը չէր ցանկանում ցրվել հրապարակից՝ լսելով «Սասնա ծռեր» խմբի հանձնվելու լուրը։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հրապարակում իրավիճակը թեժ է, մարդիկ վիճում են իրար հետ։
Հանրահավաքը վարող Տիգրան Խզմալյանը հայտարարել է. «Արձանագրում ենք մեր առաջին միջանկյալ հաղթանակը եւ անցնում ենք քաղաքական գործընթացներին»։ Խզմալյանը ելույթից հետո անջատեց բարձրախոսը, հայտարարեց, թե հավաքվելու են վաղը՝ ժամը 19։30-ին։
Մի քանի հոգի ցանկանում էին ելույթ ունենալ, ի պատասխան Խզմալյանը հայտարարեց. «Չեկիստներին մենք մոտիկ չենք թողնելու»։
Բազմության միջից Խզմալյանից դժգոհ վանկարկումներ եղան, մի քանի երիտասարդներ էլ ամբիոն բարձրացան, սակայն ելույթ չկարողացան ունենալ։ Բուռն վեճերն ու քննարկումները շարունակվում են։
Մի մեծ խումբ էլ ինքնաբուխ երթ է անում Երեւանի փողոցներով՝ ի աջակցություն «Սասնա ծռերի»։



