«Սա բռնապետության, ոստիկանական պետության դրսեւորում է եւ կարգուկանոնի պահպանման հետ բացարձակ կապ չունի». Արտավազդ Բայաթյան
ИНТЕРВЬЮ
Երաժիշտ, երգահան Արտավազդ Բայթյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին հերոսներ է համարում: «Այդ մարդիկ գնացել են ամենածայրահեղ դրսեւորման: Նրանց մեղադրել պետք չէ, պարզապես հասկանալ է պետք: Այս ամբողջ իրավիճակը իրականում ստեղծել են իշխանությունները: Եթե երկրի վիճակը այնպիսի ծայրահեղությունների չհասցնեին, որ տնտեսական ու սոցիալական վիճակը, մարդկանց ընդհանուր կենսավիճակը, բանակի ու Արցախի խնդիրը նման ցածր մակարդակի վրա չլինեին, այսպիսի բան տեղի չէր ունենա: Ոչ մի դրական տեղաշարժ չկար: Հենց սա էլ առիթ է հանդիսացել տղաների բողոքի համար: Սա իսկապես բողոք է. ես ոչ մի ուրիշ բան այստեղ չեմ տեսնում»,- Past.am-ի հետ զրույցում նշեց Բայաթյանը:
Դիտարկմանը, թե երկրում փոփոխությունների հասնելու միակ ճանապարհն արդյո՞ք զենքի դիմելն է, մեր զրուցակիցն այսպիսի պատասխան տվեց. «Ընդհանրապես ծայրահեղությունը բերում է նրան, որ մարդիկ ընդվզում են եւ իրենց բողոքն արտահայտում: Հիմա, թե դա ի՞նչ ձեւով կլինի` նույնպես իշխանավորների գործողություններից է կախված»:
Վերջինս նշում է, որ այս ամենի միակ մեղավորն իշխանություններն են, քանի որ, եթե ճիշտ աշխատանք տարվեր, այսպիսի ծայրահեղ դրսեւորում չէր լինի: Ըստ նրա` երբ մարդիկ ցանկանում են ոտնահարված, սպանված արդարությունը վերականգնել, նրանք ի վիճակի են ցանկացած քայլի դիմել: «Մարդու իրավունքների կարեւորագույն կետերից մեկն էլ այն է, որ մարդ իրեն պաշտպանելու եւ արդարությունը վերականգելու համար կարող է դիմել ցանկացած միջոցի»,- նշեց մեր զրուցակիցը:
Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ մեր երկրում իշխանափոխության պահանջն ակնհայտ է, որովհետեւ բոլոր ուղղություններով պարտված ենք ու ոչ մի առաջընթաց չկա: «Առաջընթաց չկա, միայն մեր միջազգային պարտքերն են ավելանում, եւ ամենացավալի խնդիրն էլ այն է, որ ժողովուրդը հազարներով լքում է երկիրը, իսկ սա շատ վտանգավոր երույթ է: Մեր երկրի լինել-չլինելու խնդիրն է»,- հավելեց նա:
Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ մեր երկիրը մտել է փակուղի եւ այնպիսի տպավորություն է, թե այն ավելի մեծ երկրի ստրուկ է, իսկ մեր տերն էլ մեզ ամենեւին չի սիրում եւ ոչ էլ ուզում է ինչ-որ մի հարցում օգնել, ինչն էլ առաջացրել է ստրուկ լինելուց ազատվելու պահանջ:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Խորենացի փողոցում ոստիկանների կողմից մարդկանց անդադար բերման ենթարկելու երեւույթը, Արտավազդ Բայաթյանը պատասխանեց, որ դա բռնապետության, ոստիկանական պետության դրսեւորում է եւ կարգուկանոնի պահպանման հետ բացարձակ ոչ մի կապ չունի: «Ոստիկանությունը կոչված է մարդկանց մեջ ոչ թե ահուսարսափ ներշնչել, այլ պաշտպանել»,- նշեց նա:
Նրա համոզմամբ` ավելի լավ կլիներ, որ իշխանություններն առաջին իսկ վայրկյանից «Սասնա ծռերի» հետ ակտիվ բանակացությունների մեջ մտնեին: «Երկար ժամանակ լռություն էր տիրում: Թեեւ մենք ունենք պետական ինստիտուտ, բայց, միեւնույն ժամանակ, ոչինչ չունենք, բացի ոստիկանությունից: Ոստիկանությունը դուրս է եկել լուծելու ե՛ւ կարգուկանոնի խնդիր, ե՛ւ քաղաքական խնդիր, ե՛ւ մարդու իրավունքների խնդիր այն դեպքում, երբ ունենք այն բոլոր պետական ինստիտուտները, որոնք պիտի զբաղվեին այս ամենով»,- նշեց նա:
Ըստ Բայաթյանի` եթե իշխանավորները շահագրգռված էին խնդրի խաղաղ եւ ճիշտ ճանապարհով լուծմամբ, պետք է ժամանակ առ ժամանակ չսրեին իրավիճակը, այլ այս ամենը մեղմելու քայլեր ձեռնարկեին: «Վերջիվերջո, սա մեր հայրենիքն է եւ բոլորս ենք պատասխանատու նրա առջեւ, իսկ իշխանավորները կա՛մ լռում էին, կա՛մ իրենց այնպես պահում, կարծես սա իրենց երկիրը չէ: Այնպիսի տպավորություն է, թե բոլորը սպասում են, թե ռուս թագավորը ինչ կասի»,- վերջում հավելեց նա:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































