Սահմանամերձ Կողբի «Թումո» կենտրոնը նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողների համար
ОБЩЕСТВО«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը կքեցին փոխըմբռման հուշագիր Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում «Թումո»- կենտրոն բացելու մասին: «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը նշեց, որ կենտրոնը կտարբերվի մյուսներից իր արդիականությամբ և նոր սարքավորումներով:
«Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա «Թումո»- ն տարածել ավելի փոքր բնակավայրերում: Կողբի «Թումո»-ն կընդգրկի ոչ միայն Կողբի, այլ նաև Նոյեբերյանի, Բերդավանի և մոտակա գյուղերի պատանիներին, ովքեր կկարողանան մասնագիտանալ և արդիական հմտություններ ստանալ, ինչպես նաև ապագայում աշխատել տեղում և առցանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փափազեանը:
«Թումո» կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ կենտրոնի բացումը Կողբում ավելի կտարածի «Թումո»-ի կրթական ծրագիրը և կընդլայնի ուսանողների խումբը:
«Կենտրոնի ծրագիրը լինելու է նույնը, ելնելով, անշուշտ, ուսանողների քանակից: Երևանի, Դիլիջանի, Գյումրիի կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ կարելի է իրականացնել այդ ծրագիրը: Մեր մասնագետները այցելում և դասավանդում են այդ քաղաքներում: Մեր հզոր ծրագրային ապահովումը թույլ է տալիս կրթական ծրագրերը մատուցել ցանկացած տեղում ի շնորհիվ համացանցի»,- ընդգծեց Գյումիշյանը:
Նախատեսվում է, որ կենտրոնի շինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Այն նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողի համար: Կենտրոնում կիրականացվի նույն ծրագիրը, և կդասավանդեն նույն մասնագետները, ինչ Երևանի, Դիլիջանի, Գյումրիի կենտրոններում, ինչպես նաև Կողբ կհրավիրվեն միջազգային մասնագետներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն պատանիների հետ:
«Թումո» ստեղծարար ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին: Այնտեղ ուսուցանում են գծագրություն, հաղորդակցության հմտություններ, նկարահանման աշխատանք, 3D մոդելավորում, ծրագրավորում, դիզայն: Դասավանդում են տարբեր մեթոդներով՝ վարժություն, դասընթաց և նախագծում:Վարժությունները անցկացվում են հայերեն և անգլերեն լեզուներով: Նպատակն է դեռահասներին տալ այնպիսի կրթություն, որը նա չի ստանում դպրոցում: Նրանց հնարավորություն տալ բացահայտել սեփական թաքուն ունակությունները, որոնք մինչ այդ անհայտ են եղել:
Այս գաղափարի իրականացման արդյունքում կենտրոններ բացվեցին Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում:



