Անթույլատրելի է զինված հարձակմամբ փոփոխությունների հասնելու նախադեպի ստեղծումը. Լևոն Մկրտչյան
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն անթույլատրելի է համարում զինված հարձակման միջոցով քաղաքական փոփոխությունների հասնելու նախադեպի ստեղծումը: Նրա համոզմամբ` չի կարող զինված հարձակում լինել որևէ պետության մեջ և այդ զինված հարձակման հետևանքով տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, դա կարող է առաջ բերել անթույլատրելի նախադեպ: Այդ է պատճառը, որ հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված անձանց հարձակումից հետո ստեղծվել է պետական անվտանգության, պետության ինքնիշխանության ու գոյության հետ:
«Էմոցիոնալ, հուզական լուծումները, փողոցում թելադրվող տրամադրությունից եկող լուծումները կարող են այդ պահին լուծում թվալ, բայց հետագայում այս երկրի տակ դնեն մի այնպիսի ական, որի հետևանքով մենք կարող ենք շատ բան կորցնել: Ի վերջո, մեր պատմությունից պետք է կարողանանք դասեր քաղել՝ շատ հաճախ մենք մեր պետականությունը կորցրել ենք ընթացիկ լուծումներ որոնելով, որոնք այդ պահին թվում էին ճիշտ, բայց շատ կարճ ժամանակ հետո մենք կորցրել ենք Արշակունյաց, Բագրատունիների թագավորությունները, այսինքն` ժողովուրդը պետք է մի փոքր իր պատմությունից էլ սովորի»,-ասաց ՀՀ ԿԳ նախարարը:
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին` Լևոն Մկրտչյանը նշեց, որ, լինելով ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, արդեն գնահատական տվել է, իսկ այս պահին կարող է արձանագրել, որ պատանդների արձակումը և բանակցային գործընթացը դրական հանգուցալուծման հույս տալիս են:
Նախարարն անթույլատրելի է համարում գործող գնդի վրա հարձակումը` և ձևաչափը, և ձևը, որով կատարվել է: «Ի վերջո ունենք զոհ, բացի զոհից, կրկնում եմ, նախադեպը շատ վտանգավոր է՝ պետականության, անկախության իմաստով: Գործընթացը, եթե տեղափոխվի քաղաքական դաշտ և քաղաքական գործառույթներ սկսվեն իրականացնել այդտեղ արդեն տարբերակները շատ են: Առաջիկայում լինելու են ընտրություններ՝ մենք սահմանադրական փոփոխություններ ենք իրականացրել և որի պատճառով երկրի ամբողջ քաղաքական կառուցվածքը փոխվելու է և արդեն գարնանը ընտրություններ են լինելու՝ այնպես չէ, որ մի քանի տարի քաղաքական որևէ միջոցառում չի նախատեսված՝ մեծագույն փոփոխությունը ընդամենը 2017 թվականի սկզբին է և սահուն անցնելն այդ փոփոխություններին՝ առանց արյունահեղության, զինված ընդդիմության, շատ կարևոր է, մեր երկրի համար, քանի որ մենք այնպիսի շրջապատում ենք, որտեղ արտաքին ազդեցությունը շատ մեծ է և մեր ցանկացած վրիպումից կօգտվի մեր թշնամին. սա շատ կարևոր է և մեծ պատասխանատվություն է պահանջում»,-հավելեց Լևոն Մկրտչյանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքեր են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Արմենուհի Մխոյան



