Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել են Turkish Airlines-ի 100-ից ավելի աշխատակիցներ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողումից հետո աշխատանքից հեռացվել են Turkish Airlines ազգային ավիափոխադրող ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ:
Վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, աշխատակիցներն ազատվել են անցած կիրակի:
Նշվում է, որ աշխատանքից հեռացվածների մեջ կան նաեւ ավիաընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո իշխանությունների հանձնարարությամբ պաշտոնաթող կարվեն Թուրքիայի դեսպանների զգալի մասը եւս, որոնցից ոմանք, ինչպես նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն «կարող էին անարդարացիորեն զբաղեցնել իրենց պաշտոնները»:
Ըստ գործակալության` Թուրքիայի իշխանություններն արդեն 42 լրագրողների ձերբակալելու հրամաններ են տվել իրավապահներին:
Reuters-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-ին հայտարարել է, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետ կապված հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով ընդհանուր առմամբ 13 հազար ձերբակալություն է իրականացվել:
Էրդողանը հայտնել է, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 246, վիրավորվել՝ 2185 մարդ: Նրա խոսքով` ձերբակալվածներից 4 հազարը զինվորականներ են, որոնց թվում` 103-ը գեներալներ:
Էրդողանը նաեւ հրամայել է փակել հազարից ավելի մասնավոր դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, որոնք կարող են կապված լինել չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդների հետ, որին Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:



