Դեսպան Մկրտչյանը Լիբանանի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է ոլորտային համագործակցությունը
ПОЛИТИКАԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 20-ին հանդիպել է Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աքրամ Շեհայեբի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ընդգծվեց լիբանանյան ներդրմամբ Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հաջող փորձը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նմանօրինակ նախագծերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան գործարար կապերի ամրապնդման և դեպի Հայաստան լիբանանյան կապիտալի ներհոսքի առումով երկուստեք կարևորվեց փոխայցելությունների կազմակերպումը:
Նախարար Շեհայեբը ներկայացրեց նաև Լիբանանի գյուղմթերքների արտադրողներին տրամադրվող արտահանման աջակցության մեխանիզմները։
Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության իրավական հիմքի զարգացմանը»։



