Ադրբեջանում Ալիեւի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն կանցկացվի այս տարի
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեն, որով նախատեսվում է ընդլայնել նախագահ Իլհամ Ալիեւի առանց այն էլ լայն լիազորությունները, կանցկացվի այս տարի:
Վկայակոչելով modern.azլրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կուսակցության շտաբում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Կուսակցության գործիչը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախագահի առաջարկությունը ներկայում քննվում է սահմանադրական դատարանում:
«Առաջարկությունը քննվելուց հետո, օրենքով սահմանված ժամկետում կարծիք տրվելու դեպքում, կսկսվեն այս տարվա ընթացքում հանրաքվե անցկացնելու պատրաստությունները», -ասել է Նովրուզովը:
Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 18-ին հրամանագիր է ստորագրել սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ նախագիծը ՍԴ ուղարկելու մասին: Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում:
Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունը կայանում է նրանում, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարն առանց որեւէ համաձայնեցման:
Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:
Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»-ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է:
Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ Ալիեւի առաջարկած Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունները իշխանության վախի մեջ լինելու ցուցանիշն է:
Նրա խոսքով` այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:
«Գլխավոր նպատակը սա է: Դրա համար առաջինը նախագահության ժամկետը 5-ից մեծացվում են 7 տարի, հետո էլ փոխնախագահի կարգավիճակ է որոշվում: Ինչպես երեւում է` դա էլ նախատեսվում է ընտանիքի անդամներից մեկի համար: Հետո էլ վերացվում է եւ’ պատգամավոր, եւ’ նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակումը: Նշանակում է, կանաչ լույս է վառվում ընտանիքի ավելի երիտասարդ անդամների համար: Ամեն ինչ արվում է այդ ընտանիքի ավելի երկար ժամկետ իշխանության մեջ մնալու համար», -համոզմունք է հայտնել Քերիմլին:



