Ադրբեջանում եւս գյուլենականների ջարդ է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո, ինչի կազմակերպման մեջ Անկարան շտապել է մեղադրել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդի արդի իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենին, Բաքվում եւս «գյուլենական գործողություններ» են սկսվել. «Կովկաս» համալսարանի փակումից հետո գործունեությունը դադարեցրել է նաեւ «Զաման» թերթը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի կրթության նախարարության որոշմամբ Բաքվի «Կովկաս» համալսարանի կառավարումը, որի անունը եւս կապվում է Գյուլենի հետ, հանձնվել է Բաքվի նավթի բարձրագույն դպրոցին: Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է Ադրբեջանի նավթի պետական ընկերության` SOCAR-ի կադրերի, ռեժիմի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախագահ Խալիք Մամեդովը:
«Կովկաս» համալսարանի փակման մասին լուրի հրապարակումից քիչ անց հայտնի է դարձել, որ գործունեությունը դադարեցրել է նաեւ Ադրբեջանում հրապարակվող «Զաման-Ազերբայջան» թերթը, որը հանդիսանում է թուրքական «Զաման» թերթի «արբանյակը», ինչը եւս համարվում է «գյուլենական»:
Նշվում է, որ փակվել է նաեւ «Զաման-Ազերբայջան» թերթի պաշտոնական կայք հանդիսացող zaman.az ինտերնետային ռեսուրսը:
Թերթի գլխավոր խմբագիր Անար Գարախանչալլըն հաստատել է փաստը:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ ադրբեջանական կառավարությունում բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք մտնում կամ կապեր ունեն նուրսիստների կրոնական աղանդի հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծվ Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության եւ սպորտի նախարար, Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Գանիրա Փաշաեւայի, Նիամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալըշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:
2013 թվականի դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում` նախագահ Թայիփ Էրդողանի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ:



