Թուրքիայում զինվորականները ցանկացել են սպանել Օջալանին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում հուլիսի 15-ին զինված հեղաշրջման փորձ իրականացրած զինվորականները նպատակ են ունեցել առևանգել և սպանել Իմրալի կղզում ցմահ ազատազրկման մեջ գտնվող քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հեղաշրջման փորձը նախաձեռնողները նպատակ են ունեցել Օջալանի սպանությամբ քաոսային իրավիճակ ստեղծել երկրում` փողոցներ դուրս բերելով քուրդ ժողովրդին:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 7հազար մարդ:
Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:



