Ե՞րբ Հայաստանը կդառնա գազի և էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր
ИНТЕРВЬЮ
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն օրերս կազմակերպել էր լրագրողների ճանաչողական այց Սյունիքի մարզ: Այնտեղ ԶԼՄ-ների ներկայացուցիչները ծանոթացան մարզի էներգետիկ ենթակառուցվածքներին:
Past.am-ի փոխանցմամբ՝ այցելություններ եղան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր, Տաթևի ՀԷԿ, «Նորավան» ենթակայանի շինարարության վայրում լրագրողները ծանոթացել են Իրան-Հայաստան 400 Կվտ հզորությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծին: Լրագրողներն այցելել են նաև Քարքար երկրաջերմային տեղամաս, որտեղ հիմա ընթանում է տաք ջրային պաշարներ հայտնաբերելու հորատման գործընթացը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց. «Մենք եղանք Որոտանի ՀԷԿ համալիրում, որը մեր էներգետիկ համակարգի ադամանդն է: Այն շատ կարևոր դեր ունի մեզ համար թե՛ որպես կարգավորիչ կայան, թե՛ որպես մատչելի էներգիայի աղբյուր: Հրավիրեցինք նաև Տաթևի ՀԷԿ, որն արտադրում է Որոտանի ՀԷԿ կասկադի արտադրանքի 60 տոկոսը: Ցույց տվեցինք ներկա վիճակը, որ մի քանի տարի հետո հրավիրենք ու ցույց տանք լրիվ արդիականացված համակարգերը: Առաջիկայում նախատեսվում է փոխարինել ողջ տեխնիկան, վերազինել ու բարձրացնել պատվարների, ջրամբարների անվտանգության մակարդակը»:
Անդրադառնալով Իրանն ու Հայաստանը կապող էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը՝ Հայկ Հարությունյանը հայտնեց, որ որ աշխատանքների ավարտը նախատեսված է 2017 թվականի վերջին, 2018-ի սկզբին: «Մենք բավական լուրջ իրավիճակ ենք ունենալու այն տեսանկյունից, որ կկարողանանք 1000 մեգավատտ հզորություն արտահանել: Եթե վերցնենք միայն Իրանն ուՎրաստանի նոր գիծը, որը ևս կառուցվում է ու մոտավորապես նույն ժամանակահատվածում է ավարտվելու, կկարողանանք արտահանել մոտ 15 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, պետք է ասեմ, որ մեր ներքին սպառումը 5.5 միլիարդ է, այսինքն` մոտ երեք անգամ ավելի կարողանալու ենք արտահանել: Այդ ժամանակ մեզ պետք կլինեն նոր արտադրական հզորություններ»,- ասաց փոխնախարարը: Հարությունյանի խոսքով՝ երբ բոլոր ենթակառուցվածքներն առկա լինեն, Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի ու գազի տարանցիկ երկիր։
«Երբ արդեն այս գծերը կառուցվեն, մենք հանգիստ կարող ենք աշխատել իրանական ու վրացական համակարգերի հետ: Միանալով ռուսական, վրացական, իրանական էներգահամակարգերին` կունենանք իրավիճակ, երբ Իրանը հանգիստ կարողանալու է Հայաստանի միջոցով Վրաստան ու Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանել ու հակառակը»,- նշեց պաշտոնյան:
Ըստ մեր զրուցակցի՝ այդ ամենի արդյունքում կստեղծվի վիճակ, երբ էներգետիկան իր հաստատուն ծախսերը կբաշխի շատ ավելի մեծ էլեկտրաէներգիայի քանակի վրա, այսինքն` 1 միավորի արժեքը կնվազի ու սպառողների համար բեռը կնվազի, ինչն էլ, հավանաբար, սակագների վրա կազդի:
Լևոն Փանոսյան




















































