Պատրաստ եմ հանդիսանալ երրորդ կողմ, որ արյուն չթափվի. Գագիկ Գինոսյան
ИНТЕРВЬЮ
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երեկվա միջադեպը չի բնութագրում «ահաբեկչություն» բառով:
Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները հուսահատության ճիչ էին:
Ըստ նրա՝ այլ ելք չի գտնվել, մարդիկ փորձել են ուրիշ տարբերակով լուծել հարցերը:
«Մասնակիցներից ոմանց բավականին լավ եմ ճանաչում, չեմ կարծում՝ նրանք ահաբեկիչ են: Ազգին և Արցախյան պայքարին նվիրված մարդիկ չէին գնա ահաբեկչության»,-ասաց Գինոսյանը: Խոսելով իշխանության կողմից քաղվելիք հնարավոր դասերի մասին՝ Գինոսյանը հայտնեց հետևյալ տեսակետը. «Դա արդեն իշխանությունները կիմանան: Բայց սա ոչ միայն հիասթափության ճիչ է, այլև սթափության կոչ: Վաղուց առկա է երկրում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտությունը: Բայց ես չգիտեմ՝ ինչքանով լուրջ կընկալվի այս սթափության կոչը»:
Կրկին անդրադառնալով «ահաբեկչություն» որակմանը՝ «Կարին» խմբի գեղարվեստական ղեկավարը խորհուրդ տվեց համեմատել այս գործողությունը Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում կատարվող ահաբեկչությունների հետ: Այստեղ, ըստ Գինոսյանի, միտումնավոր վնասելու և մարդ սպանելու ցանկություն չկա:
Մեր զրուցակցի խոսքով՝ գործողությունների ձեռագիրը վկայում է, որ սա ուղղակի հարցերին յուրովի մոտենալու արդյունք է:
«Երևանում չեմ, նոր եմ վերադառնում, եթե հնարավոր կլինի, ես և տարբեր մարդիկ հանդիսանանք միջնորդ, որպեսզի այլևս արյուն չթափվի: Պետք է եզրեր գտնել, որ այս ամենն ունենա ճիշտ շարունակություն: Երկու կողմի համար վիճակն անելանելի է: Երկու կողմն էլ մինչև վերջ իրենց դիրքին մնալու միտում ունեն: Պետք է երրորդ կողմ, որը կկարողանա նրանց միջև եզրեր գտնել՝ ի շահ մեր երկրի»,- ասաց նա:
Լևոն Փանոսյան




















































