Ստամբուլի դեպքերը վտանգավոր են Գերմանիայի համար. գերմանացի փորձագետներ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական Deutsch Türkische Nachrichten կայքը հաղորդում է, որ Ստամբուլում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ընթացքում Գերմանիայի տարբեր քաղաքներում անց են կացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցող քաղաքացիների հանրահավաքներ ու ցույցեր: Անվտանգության փորձագետների կարծիքով այդ ցույցերը երկրի համար վտանգ են ներկայացնում, քանի որ բնակչության շրջանում փոփոխական տրամադրություններ ու անհանգստություն են առաջացնում:
Նշվում է, որ ցույցեր են անցկացվել մոտ 10 գերմանական մեծ քաղաքներում ու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, իսկ Բեռլինում գտնվող թուրքական դեսպանատան դիմաց հավաքվել է մոտ 2000 ցուցարար:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս ցույցերը կառավարության կողմից դիտարկվում են որպես ծայրահեղ վտանգավոր և չեն ողջունվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:



