Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը պատվոգրեր է հանձնել Հարութ Սասունյանին և Աղասի Վարդանյանին
ОБЩЕСТВОԼոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, կառավարիչ Մայքլ Անտոնովիչի նախաձեռնությամբ, օգոստոսի 18-ին պատվոգրեր է հանձնել CAHNA/Crimes Against Humanity-Never Again/ կազմակերպության նախագահ Հարութ Սասունյանին և Լոս Անջելեսում ապրիլ-մայիսին 55-օրյա հացադուլի միջոցով մարդկանց ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին սևեռած Աղասի Վարդանյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր խոսքում Մայքլ Անտոնովիչը բարձր է գնահատել CAHNA կազմակերպության և Աղասի Վարդանյանի արած գործը՝ աշխարհին Հայոց ցեղասպանության և երբևէ տեղի ունեցած այլ ցեղասպանությունների իրազեկման վերաբերյալ: «Այդ ոճրի ժխտման հետևանքով այսօր էլ դեռևս շարունակվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները Միջին Արևելքում և Աֆրիկայում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ճիշտ պահն է ի ցույց դնելու աշխարհին այն փաստերը, որոնք շատերն անտեսում են», - ասել է Մայքլ Անտոնովիչը:
«Ապրիլի 24-ով մեր պայքարը չի ավարտվել. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջատիրության ոգին պիտի շարունակվի նաև հաջորդ տարիներին: Մեր դատը չի ավարտվել, և մենք մեր պայքարը պիտի թեժացնենք՝ մեր իրավունքները և պատմական արդարությունը վերականգնելու համար», - ասել է Հարութ Սասունյանը:



